«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով օգոստոսի 26-ին չորս անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ինչպես Armenia Today-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից՝ ձերբակալվածներից մեկն ընկերության փոխտնօրենն է, իսկ մյուս երեքը՝ պահեստը շահագործող անձինք, որոնցից մեկը պահեստի վարձակալն է։
ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ փոխտնօրենն ու վարձակալը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկու շահագործողները՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը):
Մեր հարցին, թե հարցաքննվե՞լ է արդյոք, «Սուրմալու»-ի սեփականատերը և անցնո՞մ է այդ քրգործով, Թադևոսյանը պատասխանեց ՝ ոչ։
Որոշումները դատախազի կողմից ուղարկվել են քննիչին և հանձնարարություն է տրվել օրենքով սահմնանված ժամկետում նշված անձանց մեղադրանք ներկայացնել, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Հիշեցնենք, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։