Այսօր՝ Անհայտ կորած անձանց միջազգային օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ:
«Այսօր մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում անհայտ կորած անձանց ընտանիքներին։
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհայտ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ի տեսանկյունից՝ թե՛ անհայտ կորած անձինք, և թե՛ նրանց ընտանիքները տուժած կողմ են։
«Մենք շարունակում ենք համագործակցել իշխանությունների հետ՝ աջակցելու խնդրին արձագանքման նրանց կարողություններին, ինչպես նաև խրախուսելու վերջիններիս որդեգրել որոնողական ջանքերին նպաստող, ընտանիքներին և նրանց հարազատների արժանապատվությունըպաշտպանող քաղաքականություններ։ ԿԽՄԿ-ն և իր Որոնման կենտրոնական գործակալությունը համակարգում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման ջանքերն ամբողջ աշխարհում՝ ընտանիքների վերամիավորմանն աջակցելու և անհայտ կորած անձանց խնդրի հետևում հաճախ անտեսված մարդկային դժբախտություններին ուշադրություն հրավիրելու նպատակով։ Արտահայտում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին»,-ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: