Ավետիք Չալաբյանի խափաման միջոցը փոխելու որոշման հրապարակումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը:
Նա նշեց, որ դատավորի օգնականի բանավոր խոսքի համաձայն՝ որոշումը կհրապարակվի այսօրվա ընթացքում, սակայն ժամը հայտնի չէ: Հրապարակումից առաջ խոստացվել է ծանուցել փաստաբաններին:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով:
Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։