Հայաստանում կարող է թույլատրվել ինքնապաշտպանության նպատակով զենքի ձեռքբերումը: Գործող օրենսդրությամբ քաղաքացիներին թույլատրվում է ձեռք բերել ու պահել միայն որսորդական և սպորտային հրազեն, իսկ ինքնապաշտպանության նպատակով զենք թույլատրվում է միայն իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Ինքնապաշտպանության նպատակով հրազեն ձեռք բերելու դրույթն ամրագրված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդմաներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած Զենքի շրջանառության կարգավորման մասին օրինագծում, որը դրել շրջանառության մեջ ու քննարկվել նշված հանձնաժողովի երեկվա նիստում:
Ում կտրվի զենք ձեռք բերելու իրավունք
Ըստ նախագծի՝ քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ՀՀ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
Սահմանվել են նաև զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները, որոնք են պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, նաև օտարերկրյա քաղաքացիները:
Զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու, թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Մասնավորապես՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, դրանք ցուցադրելու թույլտվությունները տրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վերոնշյալ նիստում նշել է, որ սույն օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), նաև զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները:
Վիլեն Գաբրելյանը նշել է, որ ՀՀ-ում գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքը, ընդունվել է 1998 թ-ին, ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբևիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, նրա խոսքով, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը:
«Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում: Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատաախան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս»,-նշել է Գաբրելյանը՝ շեշտելով, որ պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից, երաշխավորել քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը տվյալ միջոցներով:
«Հրազենը հանդիսանում է քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու ամենաարդյունավետ զսպիչ միջոցներից մեկը: Ավելին, այս հասանելիությունը նախատեսվում է իրականացնել զենքի տիրապետման խիստ ուսումնական գործընթացի միջոցով, ինչն էականորեն կբարձրացնի զենքի տիրապետման, կրելու եւ օգտագործելու մշակույթը քաղաքացիների մոտ»,-ընդգծել են նախագծի հեղինակները:
Միևնույն ժամանակ, քննարկմանը ներկա ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշել է, որ ո օրենքի նախագծի մի շարք դրույթներ վերանայման կարիք ունեն:
«Նախագծով զենք կրելու և պահելու թույլտվություն ունեցող քաղաքացուն իրավունք է վերապահվում անձնական օգտագործման նպատակով ունենալ մինչև 10 միավոր քաղաքացիական զենք: Ոստիկանություն առաջարկում է քննարկել 10-ը միավորը նվազեցնելու հնարավորությունը»,-նշել է Ֆիդանյանը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին տարիներին հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք: