ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում։
Պաշտպանն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում։ Ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։
Փաստահավաք խմբերից մեկն էլ Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։
Տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։
Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։