ՀՀ ԱԱԾ-ն անդրադարձել է ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու ՀՀ որոշման վերաբերյալ ծառայությանը վերագրվող մեղադրանքներին:
Հաղորդագրության մեջ ասված է.
«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։
Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամներ հանձնվել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT): Նշենք, որ ըստ դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:
Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը նրանց Թուրքիային արտահանձնելու որոշումը խայտառակություն է որակել՝ հայտարարելով, որ ՀՀ-ն խախտել է թե՛ իր, թե՛ միջազգային օրենքները: Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) հաղորդագրությունում նշվել էր, որ նրանք «առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի գաղտնի ծառայության կողմից»։