Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ վերադարձվել են։ Բայց դեռևս կան մեծաթիվ գերիներ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման։ Այս մասին այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ը աշտոնապես 33 էր, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո մենք ունենք շուրջ 20 նոր գերիներ։
Նա նշել է, որ բացի ՄԻԵԴ-ից գերիների հարցն անուղակիորեն ածանցվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում։
«Այս տեսանկյունից իրավական ջանքերն ինտենսիվ, որոշակի առումով նաև աննախադեպ են եղել։ Միակ բացը, որը կարելի է լրացնել, դա պատանդառության արգելման կոնվենցիայի գործընթաց նախաձեռնելն է նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց։ Նրանք որպես պատանդներ են պահվում ու օգտագործվում որպես միջոց՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։ Նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է քաղաքական բնույթ ունեցող հարցերի հետ»,-հավելել է Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: