Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
«Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր արբեջանական կողմը հայ մի խումբ գերիների գնդակահարելու տեսանյութ էր հրապարակել: Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել էր, որ տեսանյութի իսկության մասով կասկած չկա՝ հավելելով, որ այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ մի շարք տեսանյութեր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին են փաստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կօգտագործի հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: