Ադրբեջանական սոցիալական հարթակներով հերթական անգամ ռազմական հանցագործության մասին փաստող տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են դաժանաբար գնդակահարում հայ գերիներին: Հայ գերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման մասին փաստող բազմաթիվ ապացույցներին ավելացավ ևս մեկը:
Ադրբեջանի հերթական վայրագությունը նախ միջազգային արձագանք ստացավ: Ավելի ուշ նաև տեսանյութի իսկությանն անդրադարձավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Armenia Today-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ ուսումնասիրում են տեսանյութը: Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այդ պահին որևէ հստակ տվյալ նախարարությունից չհայտնեցին, փոխարենն ընդգծելով, որ իսկության առումով որևէ կասկած չունեն և սա ադրբեջանական ԶՈւ-ին բնորոշ ձեռագիր է:
Հայաստանի ԱԳ նախարարությունը, անդրադառնալով նաև վերոնշյալ հանցագործությանը, հայտարարեց, որ միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։ Արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին: ԱԳՆ-ից ընդգծել էին նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Մանրամասները՝ տեսանյութում: