ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները՝ Ղրիմի ահաբեկչության գործով։ Այս մասին հայտնում է Դատախազությունը։
«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակակվածների մեջ ազգությամբ հայ կա։ Բուլղարիայից Փոթի (Վրաստան) նավահանգիստ բեռնափոխադրումների կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Ցյուրկալո Միխայիլ Վլադիմիրովիչը, Կովաչ Դենիս Օլեգովիչը, Սոլոմկո Ռոման Իվանովիչը, Վրաստանի քաղաքացիներ Ինոսարիձե Սանդրոն, բրոքեր «Լևան»-ը և ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը: