ՌԴ ԱԴԾ-ի՝ պայթուցիկով երկու բեռնատարների երթուղու մասին վարկածը, որի հետևանքը դարձել է Ղրիմի կամրջի պայթեցումը, հաստատել են ձերբակալվածներից մեկի հարազատները: Խոսքը առաջին բեռնատարի վարորդ Արթուր Թերչանյանի մասին է։ Նրա հարազատները պատմել են բեռնատարի երթուղու մասին և հաստատել, որ տղամարդը Վրաստանից ՌԴ Արմավիր քաղաք է գնացել։
Мk.ru-ին հաջողվել է պարզել, որ Վրաստանում բնակվող Հայաստանի 37-ամյա քաղաքացի Արթուր Թերչանյանը, ով ապրում էր Վրաստանում, իրապես բեռներ էր տեղափոխում Ռուսաստան։ Տղամարդու հայրը ամուսնացել է հայկական ծագմամբ վրացուհու հետ և տեղափոխվել Ախալքալաք (Վրաստան)։ Այնտեղ ամուսնացել է նաև Արթուրը՝ տեղի բնակչուհի Եվգենիայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։
Արթուրն ամբողջ կյանքում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Դեռ 2016-ին նա հայտարարություն էր թողնում ռուսական հայտարարությունների կայքում, ինչպես օրինակ՝ վաճառում էր Կամազ մակնիշի մեքենա։
Վերջին շրջանում Թերչանյանն աշխատում էր Ախալքալաքի Սանդրո անունով բնակչի հետ։ Դա այն Սանդրո Ինոսարիձեն է, որի մասին հիշատակել են ուժայինները։ DAF բեռնատարը, որով Արթուրը մեկնել է ՌԴ, պատկանում էր նրան։
Հարազատների խոսքով՝ սեպտեմբերի 26-ին Արթուրը մեկնել է Փոթի նավահանգստային քաղաք, որտեղ վերցրել է բեռնատարը և մեկնել նախ Հայաստան, ապա Վրաստանով Ռուսաստան։
Փոխադրողը նախկինում էլ էր ճանապարհորդում այդ երթուղով, վերջին անգամ արտակարգ պատահարից քիչ առաջ՝ սեպտեմբերի սկզբին էր եղել այդ երթուղում։ Թերչանյանը պարբերաբար զանգահարել է կնոջը։ Հոկտեմբերի 2-ին նրան ասել է, որ գնում է Վերին Լարսի ուղղությամբ։
Հոկտեմբերի 5-ի երեկոյան նա զանգահարել է իր խորթ քրոջը՝ Անաիդային, ով բնակվում է ՌԴ Արմավիր քաղաքի մերձակայքում և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։ Բեռնատարի վարորդը գիշերել է նրա մոտ և հաջորդ օրը մեկնել Արմավիր։ Վերջին անգամ նա մտերիմների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին և հայտնել, որ գտնվում է Վրաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Վերին Լարսի մոտակայքում և տուն է գնում։ Հավանաբար, դրանից անմիջապես հետո նրան ձերբակալել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցները։
Բայց հարազատները, կարծես, Արթուրի ճակատագրի մասին քիչ բան գիտեն։ Հարցին՝ «Որտե՞ղ է ձեր ամուսինը հիմա», Թերչանյանի կինը միամտաբար պատասխանել է. «Նա Լարսում է։ Այնտեղ հնարավոր չէ զանգահարել»։