ԲԴԽ-ն ստացել է և քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
«Խորհուրդը միջնորդություն ստացել է, բայց թե որ դատավորի վերաբերյալ է այն, ինչ բովանդակություն ունի, չեմ կարող փոխանցել, քանի որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջն է, որ քրեական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ իրականացվող գործողությունները տեղի ունենան առավելագույնս ապահովելով քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության, անկախության նկատմամբ հարգանքը, հետևաբար որևէ տվյալ նաև դատավորին նույնականացնող, փոխանցել չեմ կարող»,- ասաց նա:
Ինչպես ընթացակարգի մասին պարզաբանեց խոսնակը, այսպիսի դեպքերում խորհուրդը որոշում է կայացնում դատավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական վարույթ հարուցելու մասին: Իսկ եթե անձը գործողությունները կատարել է ոչ որպես դատավոր, ապա գործը վարույթն իրականացվող մարմնի տիրույթում է: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա որոշումը բարձրագույն դատական խորհուրդը կկայացնի այսօրվա ընթացքում, քանի որ միջնորդությունը անհապաղ քննության համար է:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
««Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- նշեց Խաչատրյանը։