Դատարանը կալանավորել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա»,-նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ այս կերպ ցանկանում են ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Երեմ սարգսյանը նշել էր, որ նա չի ընդունում մեղադրանքը։
Բարձրագույն դատական խորհուրդն ավելի վաղ բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։