Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը կքրեականացվեն: Նման նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, որով փոփոխություններ է առաջարկում Քրեական օրենսգրքում:
Նշվում է, որ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,-ասված է հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:
«Ամբողջ վերոշարադրվածից հետևում է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատություն նախատեսված է միայն Հայաստանի Հանարպետության ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարևորագույն սահմանադրիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ»,-շեշտել են նախագծի հեղինակները:
նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել, ինչը կտևի մինչև նոյեմբերի 7-ը: