ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Նրա այցը Հայաստանում անցանկալի է համարվում: Այս մասին պարզ է դառնում Ռուսաստանի հայերի միության հրապարակած նամակից՝ ուղղված Կ. Զատուլինին: Նամակը ՀՀ խորհրդարանի ղեկավարության կողմից է։ Ռուսաստանի հայերի միությունը հրապարակել է նամակը Telegram-ի ալիքում:
Նամակում ասվում է, որ ռուս քաղաքական գործչի հայտարարությունները «վնասում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»․ «Այս առումով՝ ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- ասված է նամակում։
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ խորհրդարանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի և խորհուրդ տվեց այս հարցով դիմել ԱԳՆ լրատվական ծառայությանը։
Զատուլինը վիրավորական է գնահատել Հայաստանի խորհրդարանի ղեկավարության այս քայլը։
«Ես սա համարում եմ վիրավորական քայլ: Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցն անցանկալի է, և իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Զատուլինը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերի 24-ին նամակ է հղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հոկտեմբերի 29-ին Ջերմուկ և նրա շրջակայք այցելելու խնդրանքով՝ ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Պատգամավորը նամակի տեքստը հրապարակել է իր Telegram-ի ալիքում։
Armenia Today-ի թղթակիցը դիմել է ռուս պատգամավորի մամուլի ծառայությանը՝ Զատուլինի հետագա քայլերի մասին տեղեկատվության խնդրանքով, սակայն նրանք հրաժարվել են պատասխանել։