ՀՀ ոստիկանության պետի հրավերով հոկտեմբերի 27-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրան ոստիկանությունում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
ՀՀ ոստիկանության պետը, Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Վահե Ղազարյանը, ողջունելով Յուրգեն Շթոքին, բարձր է գնահատել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում։
Վահե Ղազարյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման 30-ամյակը։ Նա ընդգծել է, որ առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում հանցավորության այնպիսի ոլորտների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհանցավորությունն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն։
ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել շարունակել ջանքները՝ ուղղված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարին:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է կարևոր համագործակցության մի քանի ուղղություն։ Նա նշել է, որ 2023 թվականին լրանում է Ինտերպոլի 100-ամյակը, և կառույցի արդյունավետ գործունեության գրավականը անդամ-պետություններում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների աշխատանքն ու սերտ համագործակցությունն է։
Յուրգեն Շթոքը խոսել է նաև հանցավորության նոր տեսակների մասին։ Կողմերը քննարկեցին դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Խոսվել է նաև քրեական ոստիկանության կազմում ստեղծված ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող նոր ստորաբաժանման գործունեության և արձանագրված արդյունքների մասին։
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ ծանոթացել է ստորաբաժանման աշխատանքին։
ՀՀ ոստիկանության պետը, ողջունելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի անձնակազմին, շնորհավորեց 30-ամյակի կապակացությամբ։ Նա նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միջազգային հանցավորության դեմ պայքարում իր ուրույն տեղն է գրավել Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ների շարքում եւ արժանի հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի ոստիկանության, նաև այլ իրավապահ մարմինների ու գերատեսչությունների շրջանում։
Շնորհավորական խոսք ասաց նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը։ Նա ընդգծեց բյուրոյի կողմից իրականացվող կարևոր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ինչի նպատակը աշխարհն ավելի ապահով դարձնելն է։
Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում բյուրոն կշարունակի պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։