Ձեռնարկել ենք բոլոր քայլերը, որոնք փաստաթղթավորված են և որոշակի աշխատանքներ են իրականցվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահը՝ անդրադառնալով ավելի վաղ իշխանությունների արված հայտարարություններին, այն օրենսդրական կարգավորումներին, որոնցով պատրաստակամություն էին հայտնել ընդունել ադրբեջանցիներին, թույլ տալ հատել ՀՀ սահմանը:
Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ կառավարությունը կարող է հրաժարվել այդ նախաձեռնությունից, Բադասյանը նշեց. «Փոփոխությունը կատարվել է, այդ սահմանային կտերն ու հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են: Գործընթացն ավարտված է, որոշ դետալներ, թերություններ կլինեն: Եթե մյուս կողմը պատրաստակամ կլինի օգտվել նման կետերի ծառայություններից, մենք պատրաստ ենք»:
Հարցին՝ վտանգներ չկա՞ն, նա արձագանքեց. «Ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը միանշանակ կառավարության համար ընդունելի է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել: Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ առևտրի հնարավոր նոր արգելքների վերաբերյալ հարցին, Բադասյանն ասաց, որ Թուրքիայի հետ առևտուր անելը նոռմալ է համարում ու չի կարծում, որ ՀՀ տնտեսությունն այդ պատճառով կուլ կգնա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոսի 18-ին շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու: Բոլոր երեք անցակետերը լինելու են ավտոմոբիլային: