«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի օգնական փոխգնդապետ Արամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն իրականացրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկեցին նրան։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով, Արամ Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն հակելու մեջ։
«Ամիսներ տևած քննության արդյունքում, սակայն, այսօր ստացանք քրեական վարույթը կարճելու մասին որոշումը` քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության պատճառաբանությամբ»,-հայտնել է Վարոսյանը։