Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Տվյալներն իրացվել են նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվել ու ձերբակալվել է 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվել է։ Հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։