ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից «Փեթակ» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում վերացվել են առկա թերություններից կեսից ավելին, ինչի արդյունքում Տեսչական մարմինը թույլատրել է առևտրի կենտրոնի հետագա գործունեությունը։
«Կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ»,-նշվում է տեսչական մարմնի Facebook-յան էջում։
ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։
Նշենք, որ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով «Փեթակ» առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցվել էր։