Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ բուհին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:
Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:
Դատախազությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: