Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։
ՀՀ ոստիկանության պետը խոսել է թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Նա նշել է, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Վահե Ղազարյանը շեշտել է, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում։
ՀՀ ոստիկանության պետը խոսել է նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշել է այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը։
Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնել է իրանական կողմի աջակցությունը։ Դեսպանը խոսել է նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։