ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստղեծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:
Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին, ովքեր, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելւու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: