Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը ո՛չ պատահական է, ո՛չ էլ հատվածական: Ֆրանսիայի Ազգային ժողովը դեռ երկու տարի առաջ էր ընդունել բանաձև՝ հստակեցնելով իր մոտեցումներն Արցախի հիմնահարցի, Արցախի ճանաչման վերաբերյալ: Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից:
«Սենատի որոշումը հստակեցնում է Ֆրանսիայի խորհրդարանի վերաբերմունքը, նաև որոշակիորեն արձագանքում Ադրբեջանի ու Թուրքիայի չհիմնավորված այն հայտարություններին, թե «Արցախի հարց չկա, այն լուծվել է ուժի միջոցով»: Ի տարբերություն իրենց ժողովրդավարական հռչակած շատ երկրների, Ֆրանսիան հստակեցնում է, որ իր պատկերացումներն անփոփոխ են ժողովրդավարության ու արդարության մասին: Ես համոզված եմ նաև, որ բանաձևի վերաբերյալ ամենահստակ գնահատականը տրվել է Ադրբեջանի պաշտոնական մարմինների կողմից, որոնք, այսպես ասած, կատաղած պատասխաններ են տվել Ֆրանսիային: Սա վկայում է այն մասին, թե որքան ճիշտ ժամանակին, ճիշտ շեշտադրումներով է ընդունվել այդ բանաձևը»,-նշեց մեր զրուցակիցը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ բանաձևը վերին աստիճանի հստակ է:
«Շատ դեպքերում կրավորական հայտարարություններ են լինում, որոնք շրջանցում են բուն խնդիրները: Տվյալ դեպքում Ֆրանսիայում ընդունվեց բանաձև՝ առանց մտավախության, թե ինչպես դրան կարձագանքեն Թուրքիան, Ադրբեջանը: Ֆրանսիայի Սենատի որոշումը լույս է սփռում այն բոլոր արժեքների վրա, որոնց վրա հիմնվել ու զարգանում է Եվրոպան: Այդ բանաձևի արժեքը բարձրանում է՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 65 անդամներից մեկն է, նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության երկրներից մեկը: Ի տարբերություն մյուս երկրների, Ֆրանսիան հստակ ցույց տվեց, որ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկիր լինելու հանգամանքն իրեն չի խոչընդոտում հստակ դիրքորոշում հայտնել, երբ խոսքը ոչ թե ցեղասպանության վտանգի, այլ իրականացվող ցեղասպանական տարբեր գործողությունների մասին է: Ֆրանսիան ցույց տվեց, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ընդհանուր առմամբ, բանաձևի գինը քաղաքական, անվտանգային առումով բավականին բարձր է»,-շեշտեց նա:
Իրավապաշտպանը չի կիսում այն կարծիքները, թե բանաձևը կարևոր չէ, զուտ խորհրդատվական բնույթ ունի ու տեղավորվում է «թղթե շերեփի» տրամաբանության մեջ:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մյուս կողմից, դատապարտելի է Հայաստանի պաշտոնական կողմի լռությունը.
«Ես ափսոսում եմ, որ իրենց մեջ ուժ չգտան գոնե որևէ ձևով բանաձևին արձագանքելու համար: Կարծում եմ՝ այդ լռությունը հստակ բնութագրում է օրվա իշխանության դիրքորոշումը, որը չի բխում Հայաստանի ազգային շահերից, և ավելի շատ մոտ է ոչ թե հայ ժողովրդի մեծ մասի, այլ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշմանը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից: Բանաձևն ընդունվել է 295 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։
Աննա Բադալյան