Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշվում է, որ Դատախազությանն ուղղված հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում»,- գրում է աղբյուրը։
Փարիզի վկայակոչած ու 1957 թվականին ընդունված կոնվենցիայում իրավական ձևակերպումներից բացի կա նաև քաղաքական մաս։ 3-րդ հոդվածում ասվում է՝ հանձնում չի իրականացվում, եթե արտահանձնող կողմը հանցագործությունը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Կամ եթե կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզը ղեկավարել է 12 տարի՝ մինչև 2016 թավականը: Այժմ նա հետախուզման մեջ է: Խաչատրյանից և նրան փոխկապակցված 8 անձանցից պետք է բռնագանձվի 5 անշարժ գույք, տրանսպորտային երեք միջոց, և 77,7 մլրդ դրամ։