ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրչտյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել:
«Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։
Իրականությունն այն է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։
2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ.Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ:
Հենց նշված հանգամանքների կապակցությամբ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել Աննա Մկրտչյանին և Հայկ Մկրտչյանին: Հատկանշական է այն հանգամանքը, որ 26․11․2022թ․ ներկայանալով քննչական բաժին, Աննա Մկրտչյանը հարցաքննության ընթացքում օգտվել է դատավարական իր իրավունքներից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին։
Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով է հրավիրվել է հարցաքննության, ինչը, ըստ ՀՀԿ ԳՄ-ի, իբրև թե, կապված է ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու հետ: