Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, նշվել, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Նշվել է, որ մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը, ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը:
Զեկուցվել է նաև, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման շրջանակում աշխատանք է կատարվել նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Քրեաիրավական ոլորտում նոր կադրերով են համալրվել նախաքննություն իրականացնող մարմինները և դատախազությունը:
Ի թիվս այլ զեկույցների՝ քննարկվել են դատական և իրավական ոլորտի սոցիալական երաշխիքներին, թվայնացման գործընթացին, էլեկտրոնային համակարգերին, միջգերատեսչական փոխգործելիությանը, կադրային համալրմանը, ենթակառուցվածքներով ապահովմանը, ինչպես նաև սահմանադրական և ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: Նշվում է, որ վարչապետը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը և նիստի արդյունքներով տվել համապատասխան հանձնարարականներ: