Ոստիկանությունն առաջարկում է 24-ժամյա տեսահսկողություն սահմանել հանրային տրանսպորտում։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու առաջարկի նախագիծը ներկայացվել է e-draft իրավական ակտերի նախագծերի էլեկտրոնային հարթակում։
«Ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ»,-նշվում է նախագծում։
Ըստ նախագծի՝ պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։
Նշվում է նաև, որ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: