Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:
Գասպարյանը, տեղյակ լինելով, որ ՊՆ-ում պաշտոն զբաղեցնող կինն ավելի քան 11 տարի ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև ստորագրել է ՊՆ ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև կնոջ տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ Գասպարյանի կինը տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանից, չի ներկայացել ծառայության, սակայն այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով, նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Գասպարյանի կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: