Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի համար ձերբակալվել է: Այս մասին գրում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Պարզվել է, որ նա, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը:
Քննությամբ պարզվել է նաև, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1 000-6 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին:
Փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը:
Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է ընդհանուր 3 002 486 270 ՀՀ դրամ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին:
Նախաքննությունը շարունակվում է: