ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Գործն առնչվում է 2002-2018 թվականների ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնում Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, Երևանի քաղաքապետարանին տրամադրելուն:
Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Հայրապետյանը շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երևանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը:
«2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանին պատճառելով 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս:
Այնուհետև, Ռ.Հ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին»,-նշվումէ հաղորդագրության մեջ։
Այնուհետև, ըստ, հաղորդագրության, Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Հայրապետյանի որդուն՝ Ռ.Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Բացի այդ, Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով 2 և 14.000 քմ մակերեսներով հողատարածքները՝ համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի և 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով, օտարել է Ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: