Armenia Today-ը ներկայացնում է ցուցանիշներ, թե 2022թ.-ի 11 ամիսների տվյալներով քանի անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և նրանցից քանիսն են ՌԴ քաղաքացիներ:
2022թ. հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23.553 անձ, որից 22.755 ազգությամբ հայեր են, 17.788-ը՝ ՌԴ քաղաքացի: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից:
Նշենք, որ մեր հարցադրումների հիմքում հաշվի ենք առել այս տարվա փետրվարից սկսված ու մինչ օրս շարունակվող ռուս-ուկրաինական ճգնաժամը, որի արդյունքում Հայաստանում մարդկային ներհոսք եղավ:
Ըստ Անձնագրերի և վիզաների վարչության տրամադրած տվյալների, 2022թ. փետրվարի 24-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 22.138 անձ, որից 21.381 ազգությամբ հայ, 17.391 ՌԴ քաղաքացիներ են:
2022թ. հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 23.553 անձ, որից 22.755 ազգությամբ հայ, 17.788՝ ՌԴ քաղաքացի:
Հավելենք նաև, որ 2022թ. նոյեմբերի 21-ից նոյեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 577 անձ, որից 546 ազգությամբ հայ են, 499-ը՝ ՌԴ քաղաքացի:
Անձնագրերի և վիզաների վարչությունից միաժամանակ հայտնել են, որ վերը նշված ժամանակահատվածներում բավարարված և մերժված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռևս գտնվում է քննարկման փուլում, բացի այդ նախկինում ներկայացված դիմումները ևս բավարարվել կամ մերժվել են նշված ժամանակահատվածներում:
Հիշեցնենք, որ Armenia Today-ը պարբերաբար ներկայացրել է Անձնագրերի և վիզաների վարչությունից ստացած տվյալները: Հիշեցնենք, որ 2022-ի կեսին՝ 6 ամիսների տվյալներով շուրջ 10 հազար անձ էր դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: