«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի առանց պահպանության մնացած պահաբաժնից ապօրինի հատվել է 32 տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման դադարեցումը։
Միջոցներ են ձեռնարկվում ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: