Բացահայտվել և կանխվել է առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:
Մի քանի ընկերություն փաստացի ղեկավարող եղբայրներ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքների վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ:
Մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Գործող հանցավոր մեխանիզմի համաձայն՝ եղբայրները պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ երկու բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով պատշաճ ձևակերպված, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական և թուրքական արտադրության հագուստով և այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել, որպես միրգ-բանջարեղեն:
Օրինական բեռով բեռնատարը սահմանային անցակետում նախնական ձևակերպումներն իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Երևանում գործող մաքսային պահեստ՝ մաքսազերծում իրականացնելու նպատակով, իսկ ապօրինի բեռով բեռնված բեռնատարը սահմանային անցակետում որպես միրգ-բանջարեղեն նախնական ձևակերպում իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է վարձակալված պահեստ:
Այնտեղ բեռնաթափվել են ապօրինի ներկրված հագուստները և անմիջապես առաքվել տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առևտրային կետեր, որից հետո օրինական եղանակով ներկրված և մաքսազերծված հիշյալ առաջին բեռնատարը տեղափոխվել է նույն պահեստ, որտեղ մաքսազերծված միրգ-բանջարեղենը բեռնվել է ապօրինի հագուստի փոխարեն և ուղևորվել մաքսային տերմինալ՝ մաքսազերծման համար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեկտեմբերի 17-ին կանխվել է հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որում փաստացի գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։
Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։