Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը՝ 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:
Մասնավորապես, Ղուկասյանը, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
Ըստ հաղորդագրության նա օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:
Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավարն օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Ղուկասյանը և իր եղբայրը, իսկ մյուս մասն էլ նրա կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվողանձին:
Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Ղուկասյանի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:
«Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: