Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է իր կարծիքը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որտեղ արտացոլված դրույթները նա խնդրահարույց է որակել: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի FaceBook-յան էջից:
«ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը» ,-ասված է հայտարարության մեջ:
Ընդգծվել է, որ միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։
«Պաշտպանը եզրահանգել է, որ նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության: Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։ Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները»,-հավելել են ՄԻՊ գրասենյակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությունը առաջարկել է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքում: