Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից:
Իր հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ՝ դատավորը նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով:
Վերոնշյալ հանցանքները կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ:
Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք. դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական վարույթից վերոնշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:
2023 թվականի հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան: