Առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներ, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Կոմիտեն մանրամասնում է, որ ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։
ՔԿ-ից հայտնում են, որ հայտնաբերված՝ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022թ․ օգոստոսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշվում է, որ նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022թ․ հունիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև։
Պարզվել է, որ խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել են նաև ձայնագրության մեջ նշվող այն անձանց ինքնությունը և տվյալները, որոնց միջոցով կարող էր կազմակերպված լինել վերոնշյալ գործընթացը։
Դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ Արարատի մարզի տարբեր համայնքներում գտնվող բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։
Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: