Արդարադատության միջազգային դատարանը հրապարակային լսումներ կանցկացնի Հայաստանի՝ ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ, հայտնում է դատարանի կայքը։ Լսումները նշանակված են հունվարի 30-ին՝ Հաագայի Խաղաղության պալատում: Հայցվորը կխոսի տեղական ժամանակով ժամը 10:00-12:00 (Հագայում), պատասխանողը` 16:00-18:00:
Արդարադատության միջազգային դատարան է դիմել նաև Ադրբեջանը՝ հայց ներկայացնելով ըննդեմ Հայաստանի։ Լսումները տեղի կունենան հաջորդ օրը՝ հունվարի 31-ին։ Հայցվորը կխոսի տեղական ժամանակով ժամը 10:00-12:00, պատասխանողը` 16:00-18:00:
Հայաստանը դեկտեմբերի 29-ին դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։ Հայաստանը դատարանին խնդրել էր ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «բողոքների» կազմակերպումն ու աջակցությունը, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով անխափան ազատ տեղաշարժը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: