ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը կմտնի առաջիկա ԱԺ նիստի օրակարգ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություն է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ այս մասին պատգամավորը շուտով կտեղեկացվի։ Իսկ Ազգային ժողովի հաջորդ նիստերը կմեկնարկեն փետրվարի 7-ին։
Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։
Ըսստ հաղորդագրության՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։