Ադրբեջանում ռասսայական խտրականության դրսևորումների կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այս մասին Twetter-ում գրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հայաստանը 2023 թվականի հունվարի 23-ին «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» (ICERD) կիրառման գործով Ադրբեջանի դեմ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այն մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ նշված Կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումները»,-գրել է Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել էր Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» պահանջները:
Ավելի ուշ՝ 2022թ․ օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիան (ICERD) ընդունվել է 1965 թվականին և ուժի մեջ է մտել 1969 թվականի հունվարի 4-ից։ 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ 177 երկիր Կոնվենցիայի կողմեր են: Կոնվենցիային համապատասխանությունը վերահսկվում է Ռասայական խտրականության վերացման կոմիտեի կողմից, որը բաղկացած է 18 փորձագետից։