Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը:
ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:
«Ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները: Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան»-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ անցանկալի անձ լինելու պատճառաբանությամբ ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին ևս արգելել էին մուտք գործել Հայաստան:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ ևս արգելվել էր: