Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալիա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։ Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել է, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ու կատարվածի մասին իր բողոքը գրել է թղթին և հանձնել ոստիկաններին։
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվի Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Տ․ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։