Հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: Այս մասին Ադրբեջանի դեմ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։՝ նշելով, որ Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում:
«Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է կտրոններով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա, գազը բազմիցս ամբողջովին կտրվել է, էլեկտրական ցանցի բեռնվածությունը հանգեցրել է երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից՝ արդեն 50 օր է»,- ստեղծված հումանիտար իրավիճակը ներկայացրեց Կիրակոսյանը:
Նա նշեց, որ ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում:
«Ադրբեջանն այս ամենն անում է՝ չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ երաշխավորել քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների ապահով շարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղությամբ էլ: Եվ այդ ամենն անում է՝ բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների միահամուռ քննադատությունների ֆոնին»,- ասաց նա։
Մեկ ամսից ավելի է, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրահանգել է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը, որոնք Հայաստանում բուժսպասարկման կարիք ունեն, բայց Ադրբեջանն անտեսել է Ստրասբուրգի դատարանին նույնպես:
«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և, որ այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»,- ասաց Կիրակոսյանը:
Նա ընդգծեց, որ շրջափակումը, գազամատակարարման և հոսանքի մատակարարման դադարեցումներն արվում են հատուկ՝ հանգեցնելու այդ արդյունքին: Կիրակոսյանը մեջբերեց նաև Ալիևի հետևյալ խոսքերը. «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ապա ճանապարհը բաց է, նրանք կարող են հեռանալ, ոչ ոք նրանց չի կանգնեցնի: Նրանք կամ կարող են հեռանալ խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով»:
«Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Ղարաբաղ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից: Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- ասաց Կիրակոսյանը:
Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել, ասաց Կիրակոսյանը: