Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ և անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցը։ Նա դատարանին հորդորել է ամբողջությամբ մերժել Բաքվի հայցը։
Հունվարի 31-ին Միջազգային դատարանը լսումներ է անցկացրել Ադրբեջանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Հայաստանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Հայցի շրջանակներում Ադրբեջանը, մասնավորապես, դատարանից պահանջում է Հայաստանին պարտավորեցնել «դադարեցնել ականապատել Ադրբեջանի տարածքը»։
Դատարանում լսումների իր ելույթում Կիրակոսյանն ընդգծել է, որ այս հայցով Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել իր հանցագործություններից՝ նշելով, որ Բաքուն հայցը ներկայացրել է Հայաստանի՝ դատարան դիմելուց 6 օր անց։ Նրա խոսքով, Ադրբեջանի հայցը նպատակ ունի ստեղծելու «կեղծ համարժեքի» տպավորություն։
Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանն ականներ է տեղադրել իր ինքնիշխան տարածքում՝ զուտ պաշտպանական նպատակներով՝ հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս ագրեսիվ գործողությունները։ Հայաստանը ականներ չի տեղադրել իր ինքնիշխան տարածքից դուրս, ասել է Կիրակոսյանը։ Նա նշել է, որ Բաքուն նախկինում բազմիցս հնչեցրել է այդ մեղադրանքները, և դրանք հերքվել են։
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանն այդ ականները հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներից, որոնք օկուպացվել են ադրբեջանական զինուժի կողմից 2021-2022 թվականներին»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Բաքուն իր պնդումը հիմնավորելու համար կեղծ ապացույցների բազա է ստեղծել սեփական ագրեսիվ գործողություններից հետո հավաքված ականների հիման վրա։
Նա ընդգծել է, որ հայցն անհիմն է և հույս է հայտնել, որ դատարանը թույլ չի տա Ադրբեջանին չարաշահել իր վարույթը։ «Հայաստանը խնդրում է դատարանին ամբողջությամբ մերժել Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը»,- եզրափակել է Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի դատարանը լսել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Հունվարի 23-ին հայկական կողմը դիմել է Միջազգային դատարան՝ կապված Ադրբեջանում ռասայական խտրականության դրսևորումների հետ։