Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերևս ամենաթեժերից է լինելու: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը»-գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, իշխանականները սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին: Թերթի միևնույն ժամանակ գրում է, որ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում:
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: