Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում` էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախկին նախարար Վ.Ս.-ի հանձնարարությամբ 2018-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 2016-ից 2018 թվականներին: