Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհի դեպքով, որի հետևանքով 15 զինվոր է մահացել, նշանակվել է թմրաբանական փորձաքննություն, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Թերթը գրում է՝ քննիչները կասկածներ ունեն, որ զորանոցում թմրանյութ է եղել։
Քննչական կոմիտեից թերթին հաստատել են թմրամիջոցների փորձաքննության նշանակումը. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաև հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ևս չի ստացվել»,- մանրամասնել են նրանք:
Կանցկացվի թմրամիջոցների թեստավորում՝ պարզելու համար, թե ինչու զինվորները ոչինչ չեն արել կրակի մեջ այրված տարածքից դուրս գալու համար։
«Վառարան վառելու համար բենզին օգտագործելու մեջ կասկածվող սպան քննիչներին պատմել է, որ հրդեհը բռնկվելուն պես ինքը բղավել է՝ զինծառայողներին արթնացնելու համար, սակայն նրանք չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից վիճակում են եղել»,- գրում է «Ժողովուրդ»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ սպան նախկինում ընդունել է իր մեղքը, սակայն երկրորդ անգամ՝ արդեն փաստաբանի ներկայությամբ, հրաժարվել է ցուցմունք տալուց, ընդհանրապես գրավոր ցուցմունք չի տվել։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Հիշեցնենք՝ հունվարի 19-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ զորամասում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել ավտոբենզինի օգտագործման հետևանքով: Ավելի ուշ վերոնշյալ դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում հերքել էր պաշտոնական վարկածը: