Քննչական կոմիտեն բացահայտել է Երևանում «Hummer» մակնիշի ավտոմեքենայի գիշերային հետապնդման մանրամասները: Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ին՝ ժամը 23:30-ին, «Hummer» մակնիշի ավտոմեքենան մոտեցել է պարեկային ծառայության աշխատակիցներին, վարորդը պարեկային ծառայությունից գումար է պահանջել ավտոմեքենան լիցքավորելու համար, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Մանրամասնել են, որ մերժում ստանալուց հետո նա մեքենան վարել է Աբովյան փողոցի հանդիպակաց գոտով։ Օրինախախտը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ կանգ առնելու ազդանշանին և շարունակել է երթևեկել Արամի, Պ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյանի փողոցներով, այդ թվում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում՝ դիտավորությամբ վնասելով 8 քաղաքացիական անձի՝ փողոցում կայանված մեքենաները:
Այնուհետեւ մեքենայով անցել է ՀՀ կառավարության վարչական շենքի մայթի հատվածով, որտեղ շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջներին՝ հարվածել է ծառայության աշխատակցին, դիտավորությամբ վնասել պարեկային 3 ավտոմեքենա։
Մեքենան կանգնեցնելու համար ոստիկանները հրազենից մի քանի կրակոց են արձակել ամենագնացի անիվների ուղղությամբ։ Ագաթանգեղոսի փողոցում ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դիմել է փախուստի։
Քննչական կոմիտեն փետրվարի 11-ին հարուցել է քրեական գործ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ պատժվում է ազատազրկմամբ չորսից ութ տարի ժամկետով), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքին դիտավորությամբ վնասելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Քննիչները որպես վկաներ և տուժողներ հարցաքննել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցների։ Պարզվել է, որ Hummer-ը պատկանում է Արարատի մարզի մի բնակչի։ Նա փետրվարի 11-ին՝ ժամը 01.40-ին, բերման է ենթարկվել։ Քննությամբ պարզվել է, որ մեքենան վարել է նրա որդին՝ Գ.Ս.-ն, ով ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Հայրը, իմանալով որդու թմրամոլության մասին, նրանից թաքցրել է մեքենայի բանալիները, սակայն երիտասարդը պահեստային բանալին է գտել, որից հետո մարզից եկել է Երևան և թմրանյութ օգտագործել։
Երևանում փետրվարի 11-ին, ժամը 03:20-ին, խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու, գույքին դիտավորությամբ վնասելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Գ.Ս.-ն ձերբակալվել է:
Վերջիններիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են մետամֆետամին տեսակի բյուրեղյա թմրամիջոցի նմանվող զանգված՝ փաթեթավորված 1,9 գրամ ընդհանուր քաշով թղթի մեջ։ Գ.Ս. խոստովանական ցուցմունքներ է տվել: Քննչական կոմիտեն մի շարք փորձաքննություններ է նշանակել, նախաքննությունը շարունակվում է։