«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի: Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությամբ 67 պատգամավոր իր համաձայնությունն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ըստ հաղորդագրության՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։